ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրեց իր նորացված ինտերնետ-կայքը

11.02.2008, 18:15
ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրեց իր նորացված ինտերնետ-կայքը
ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրեց իր նորացված ինտերնետ-կայքը

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի կատարեց իր նորացված ինտերնետ-կայքի շնորհանդեսը։

Ինչպես երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, կայքը ստեղծվել է ԵԱՀԿ աջակցությամբ։

«Նորացված կայքը՝ նոր ծրագրային ապահովմամբ, այցելուներին թույլ կտա ավելի մատչելի, թափանցիկ և արագ ծանոթանալ քվեարկության նախնական արդյունքներին, որոնք կստացվեն տարածքային ընտրական հանձնաժողովներից։ Հայաստանի լրագրողները և քաղաքացիները www. elections.am  կայքի օգնությամբ կարող են հետևել քվեարկության այն արդյունքներին, որոնք տվյալ պահին կլինեն տարածքային ընտրական հանձնաժողովներում՝ իրական ժամանակի ռեժիմում»,- ասաց նա։  

Նրա խոսքերով, կայքն ավտոմատ կերպով թարմացվելու է ամեն չորս րոպեն մեկ։

«Նոր մոդելը աշխարհի ցանկացած կետում գտնվող բոլոր ցանկացողներին թույլ կտա քվեարկության՝ մուտքագրվող արդյունքներին հետևել այնպես, ինչպես անում է ԿՀԸ-ն»,- նշեց Ազարյանը։

Նա ավելացրեց, որ ծրագրային նոր հագեցվածությունը նաև ընտրացուցակներում որոնում կատարելու լայն հնարավորություններ է ընձեռում։  

«Այս պահին անհրաժեշտություն չկա մուտքագրել որոնման բոլոր տվյալները, հարկավոր է միայն գրել անունը, ազգանունը, ծննդյան թիվը կամ հասցեն»,- ասաց ԿԸՀ նախագահը։

«Նորացված կայքի հնարավորություններն օգտագործվելու են որ միայն առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում, այլև հետագա համապետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ»,- տեղեկացրեց նա։

Կայքը մշակվել է յունիկոդ կոդավորման համակարգով և գործում է երկու լեզուներով՝ հայերեն և անգլերեն։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։--0—