ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի թիմը մյուս թեկնածուներին առաջարկում է ստեղծել միասնական նախընտրական շտաբ

08.02.2008, 16:31
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի թիմը մյուս թեկնածուներին առաջարկում է ստեղծել միասնական նախընտրական շտաբ

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր «Օրինաց երկիր» կուսակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի թիմը մյուս թեկնածուներին առաջարկում է ստեղծել միասնական նախընտրական շտաբ՝ ընտրությունների ընթացքում տեղի ունենալիք խախտումների դեմ պայքարելու համար։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ «Ընտրություններից 10 օր առաջ՝ արդյունքներ, գնահատականներ, ակնկալիքներ» բանավեճի ընթացքում։

«Մենք բոլոր թեկնածուներին, ովքեր նախընտրական շտաբներ ունեն, առաջարկել ենք քվեարկությունից մեկ շաբաթ առաջ համատեղ շտաբներ կազմակերպել՝ հանրապետության յուրաքանչյուր շրջանում գոնե մեկ հատ»,- ասաց նա։

Մարգարյանի խոսքերով, դա անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր թեկնածուի ներկայացուցչի միջոցով արձանագրվեն և հայտնաբերվեն  այն խախտումները, «որոնց մասին պոստֆակտում ասվում է ընտրություններից հետո»։

«Այս հարցով արդեն կան դրական արձագանքներ, մենք տեղում աշխատանքներ ենք տանում մյուս թեկնածուների նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ, որպեսզի հնարավորություն ունենանք համատեղ պայքարել ազնիվ և արդար ընտրությունների համար»,- ընդգծեց նա։

Այս կապակցությամբ ՕԵԿ խմբակցության անդամը հայտարարեց, որ հանրապետության իշխանությունները պարտավոր են քաղաքական կամք դրսևորել՝ արդար և ազնիվ ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

«Եթե իշխանությունները կամք և վճռականություն դրսևորեն, ապա Հայաստանում իսկապես հնարավոր կլինի կազմակերպել արդար և ժողովրդավարական ընտրություններ, որոնց արդյունքում հայ ժողովուրդը կունենա իսկապես ազնիվ ճանապարհով ընտրված նախագահ»,- ասաց Մարգարյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին, որոնց կմասնակցի 9 թեկնածու։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական արշավը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը։-0-