Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Մուսինյանը

08.01.2008, 18:09
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Մուսինյանը

Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Մուսինյանը։ Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանի առաջադրման նախաձեռնող խմբի գրասենյակում, նախընտրական շտաբի մամուլի կենտրոնը կտեղակայվի Եկմալյան փողոցում։

Արման Մուսինյանը ծնվել է Երևանում 1978թ.։ Մասնագիտությամբ արևելագետ-հակամարտաբան է։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության բաժինը։

Մասնագիտացել է հակամարտաբանության գծով Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։

Համաշխարհային անվտանգության համալսարանում աշխատել է որպես Կովկասի հարցերով փորձագետ (Վաշինգտոն, ԱՄՆ)։

Տիրապետում է անգլերենին, պարսկերենին և ռուսերենին։ Ամուսնացած չէ։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—