2008թ. Հայաստանում կսկսեն աշխատել 30 ավագ դպրոցներ
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.2008թ. Հայաստանի բոլոր մարզերում աշխատանքները կսկսեն 30 ավագ դպրոցներ։ Ինչպես երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, այս տարվա դեկտեմբերի 27-ին կառավարությունն իր նիստում կքննարկի և կհաստատի ավագ դպրոցի ձևավորման ըմբռնումը և առաջին փորձնական բլոկը։
«Այս ծրագրի համաձայն, 2008թ. սեպտեմբերից Հայաստանում կգործեն 30 ավագ դպրոցներ, որից չորսը՝ Երևանում»,-ասաց նա։
Մկրտչյանի խոսքերով, 2008թ. պետբյուջեի ձևավորման ժամանակ, վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է հանրակրթական համակարգի հենց այս ուղղության զարգացման կարևորությունը։
«Ավագ դպրոցի կայացման համակարգը բավականին բարենպաստ պայմաններ է ստեղծում աշակերտների համար դպրոցական համակարգից անցնելու համալսարանականին և վճարովի ուսուցման խնդիրները լուծելու համար»,-պարզաբանեց նա։
2008թ. կրթության ոլորտի բյուջետային հատկացումները կկազմեն 103,6 մլրդ. դրամ (շուրջ $340 մլն.), ինչը 17 մլրդ. դրամով ($56 մլն.) ավելի է 2007թ. ցուցանիշից։
Պաշտոնական վիճակագրական տվյալներով, 2006-2007թթ. ուսումնական տարում Հայաստանում գործել է 1467 հանրակրթական դպրոց, այդ թվում՝ դպրոց-ինտերնատներ, ուսումնարաներ և այլ ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են հանրակրթական ծրագրեր։--0--