Հայաստանի պետական ագրարային համալսարանում տեղի է ունենում «Աշխատանքի տոնավաճառ»

18.12.2007, 15:33
Հայաստանի պետական ագրարային համալսարանում տեղի է ունենում «Աշխատանքի տոնավաճառ»

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական ագրարային համալսարանում երեքշաբթի բացվեց «Աշխատանքի տոնավաճառ»՝ բուհի ուսանողների և շրջանավարտների համար։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց Ագրարային համալսարանի աշխատանքի տեղավորման և խորհրդատվության կենտրոնի տնօրեն Լուսինե Մնացականյանը, այս միջոցառումն անցկացվում է արդեն երրորդ տարին։ Նրա խոսքերով, տոնավաճառի հիմնական նպատակն է՝ բուհի շրջանավարտների և ուսանողների ու պոտենցիալ գործատուների միջև կապերի հաստատումը։

«Ուսանողները հնարավորություն են ստանում անմիջականորեն շփվել գործատու-ընկերությունների ներկայացուցիչների և կադրային հարցերի գծով մասնագետների հետ, ինչպես նաև ծանոթանալ նրանց պահանջներին և թափուր աշխատատեղերին»,- ասաց Մնացականյանը։

Նա նշեց, որ տոնավաճառին ներկայացված են փոքր և միջին գործարարության ավելի քան 30 կազմակերպություններ, ինչպես նաև խոշոր ձեռնարկություններ, որոնք տարբեր ոլորտների մասնագետների կարիք ունեն՝ շուկայագետներից մինչև տեխնոլոգներ և հաշվապահներ։

«Հիմնականում դրանք այն կազմակերպություններն են, որոնք սերտորեն համագործակցում են Ագրարային համալսարանի և մեր կենտրոնի հետ»,- նկատեց Մնացականյանն, ավելացնելով, որ նմանատիպ տոնավաճառների օգնությամբ ագրարային համալսարանի շատ ուսանողներ արդեն աշխատանք են գտել։--0—