Դաշնակցությունը մտադիր է Հայաստանի նախագահական ընտրություններին գնալ իր թիմով

13.12.2007, 15:44
Դաշնակցությունը մտադիր է Հայաստանի նախագահական ընտրություններին գնալ իր թիմով

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դաշնակցությունը մտադիր է Հայաստանի նախագահական ընտրություններին գնալ իր թիմով, հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ի կողմից նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը։

«Անշուշտ, մենք կներկայացնենք մեր սեփական թիմը, քանի որ մեր կուսակցությունը մշտապես գործել է թիմային աշխաատնքների սկզբունքներով»,- ասաց նա։

Անդրադառնալով ստվերային կաբինետի ձևավորման հարցին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այս քայլն ավելի մարտավարական է, և «այդ մասին հնարավոր կլինի մտածել անհրաժեշտության դեպքում»։

«Հաշվի առնելով հայ ժողովրդի մտածելակերպը և նախագահական ցանկացած ընտրությունների առանձնահատկությունները՝ կարելի է ասել, որ թիմը մեծապես ամրացնում է թեկնածուի դիրքերը, բայց վերջին հաշվով ընտրողները ձայն են տալիս հենց թեկնածուին»,- ասաց նա։

Խոսելով երկրի վարչապետի հնարավոր թեկնածության մասին, նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի հաղթանակի դեպքում, Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի թեկնածությունը կախված է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից։

«Եթե ներկայիս ՀՀ վարչապետի թեկնածությունը խորհրդարանական մեծամասնության կողմից ընդունվի որպես լավագույնը, ապա մենք, բնականաբար, կհամաձայնենք դրան»,- նշեց նա։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—