«Օրինաց Երկիրը» մտահոգված է նախագահի թեկնածուների անհավասար հնարավորություններով. խմբակցության քարտուղար

12.12.2007, 16:50
«Օրինաց Երկիրը» մտահոգված է նախագահի թեկնածուների անհավասար հնարավորություններով. խմբակցության քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Օրինաց Երկիրը» մտահոգված է նախագահի թեկնածուների համար ստեղծված անհավասար հնարավորություններով, մամուլի ասուլիսում հայտարարեց «Օրինաց Երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը։

«Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հեռուստաալիքների եթերում հայտնվել է միայն 4 կամ 5 անգամ, այն դեպքում, երբ իշխանամետ թեկնածուները և նրանց աջակցող ուժերը մշտապես աչքի առաջ են»,-ասաց Բիշարյանը։

Նրա խոսքերով, երկրի բնակչությունը, հիմնականում մարզերում, բավականաչափ տեղեկացված չէ և լիարժեք պատկերացում չունի նախընտրական գործընթացների մասին։

«Մարդիկ լիարժեք տեղեկատվություն ստանալու հնարավորություն չունեն, քանի որ նրանց տեղեկատվություն է ներկայացվում միայն իշխանությունների գործունեության մասին»,-ասաց Բիշարյանը։

Նա նշեց նաև, որ նախընտրական գործընթացներում ներգրավված են նաև գյուղական համայնքների ղեկավարները, որոնք ներկայացնում են իշխանությունների շահերը։

Իր հերթին կուսակցության փոխնախարար Մհեր Շահգելդյանը նշեց, որ «Օրինաց Երկիրը» հանդես է գալիս արդար մրցակցության օգտին և մտադիր չէ դիմել սև փիառի։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի բնակչությունը հավասարաչափ տեղեկատվություն ստանա բոլոր թեկնածուների մասին»,-ասաց Շահգելդյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 18-ին։ –0-