Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել գրականագետ Գառնիկ Անանյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հղել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, Հայաստանի Գրողների միության անդամ, հրապարակախոս Գառնիկ Անանյանի մահվան կապակցությամբ։
Ինչպես նախօրեին «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Քոչարյանը նշել է, որ հարուստ է Գառնիկ Անանյանի գրականագիտական, լրագրողական և մանկավարժական գործունեությունը։ Նա ընդգծել է նաև նրա ներդրումը հատկապես Հայաստանի լրագրողների նոր սերունդ կրթելու ասպարեզում
«Անանյանը մարմնավորում էր պարկեշտ գիտնականի, իր երկրի խնդիրներով մտահոգ քաղաքացու և հոգատար դասախոսի կերպարը»,- ասված է նախագահի ցավակցական ուղերձում։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, Հայաստանի Գրողների միության անդամ, հրապարակախոս Գառնիկ Անանյանը կյանքից հեռացավ նոյեմբերի 20-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա Երևանում՝ նոյեմբերի 23-ին։
Գառնիկ Անանյանը ծնվել է 1934 թ. հուլիսի 22-ին՝ Իջևան քաղաքում: 1977-1985 թթ. եղել է համալսարանի հրատարակչության տնօրենը, 1985թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է, Ժուռնալիստների միության վարության անդամ։
1985-1996 թթ. եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1987-2000 թթ.՝ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը:
90-ականների կեսին Ժուռնալիստիկայի ամբիոնի բազայի վրա ստեղծվեց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2000թ.-ից Անանայանն այդ ֆակուլտետի դեկանն էր։
Անանյանը 26 մենագրությունների, աշխատությունների, հոդվածների և հրապարակախոսությունների հեղինակ է, նա տպագրվել է «Գրական թերթում», «Ավանգարդում», «Սովետական Հայաստանում», «Գարունում», «Հայաստանի Հանրապետությունում», «Երկիրում», «Նորքում», «Առավոտում»։--0—