Հայաստանում հղիների համար լույս է տեսել առաջին մասնագիտացված ամսագիրը՝ «Նռանեն»

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հղիների համար լույս է տեսել առաջին մասնագիտացված ամսագիրը՝ «Նռանեն»։
Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի մայրության հիմնադրամի նախագահ Սուսաննա Ասլանյանը, ամսագիրը հրատարակում է Հայաստանում մայրության պաշտպանության հասարակական վերահսկողության դաշինքը։
Նրա խոսքով, «Նռանեն» լիարժեք տեղեկատվություն կտա հղիության և ծննդաբերության մասին, ինչպես նաև մինչև մեկ տարին լրանալը նորածիններին անհրաժեշտ խնամքի մասին։
«Հրատարակությունում ներկայացված են հետևյալ բաժինները՝ «Մինչև երեխայի ծնունդը», «Զգացմունքների մոլորակ», «Պաշտպանված մայրություն», «Միշտ հմայիչ», ինչպես նաև հարցազրույցներ այն հայտնի կանանց հետ, ովքեր պատրաստվում են մայրանալ»,- ասաց Ասլանյանը։
Նրա խոսքով, առաջին համարում տպագրվել է հայտնի երգչուհի Նունե Եսայանի հետ հարցազրույցը, որը վերջերս է մայր դարձել։
Ասլանյանը նշեց, որ ամսագրի արժեքն է 800 դրամ (մոտ 2,5 դոլար), նախնական տպաքանակը կկազմի 1000 օրինակ։
«Ամսագրի վաճառքից ստացված եկամուտը հատկացվելու է հղի կանանց սոցիալական ծառայություններ մատուցելու և անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար»,- ավելացրեց նա։
Հայաստանի մայրության պաշտպանության հասարակական վերահսկողության դաշինքը ստեղծվել է 2006թ., նրա մեջ մտնում են մոտ 20 կազմակերպություններ։ --0—