Հայաստանի կալանավայրերում բանտարկյալների կեցության պայմանները բարելավվել են. Կարմիր կաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ուղղիչ համակարգը ենթարկվել է զգալի փոփոխությունների, ինչը բարենպաստ է անդրադարձել բանտարկյալների կեցության պայմանների վրա, կարծում է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Ջեյմս Ռեյնոլդսը։
«Ես բազմաթիվ տարիներ այցելում եմ Հայաստանի կալանավայրեր և կարող եմ հավաստիացնել, որ բանտարկյալների կեցության պայմանները զգալիորեն բարելավվել են», - նշեց Ռեյնոլդսը՝ ելույթ ունենալով Երևանում տեղի ունեցած «Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունների սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրները» խորհրդաժողովի բացման ժամանակ։
Նրա խոսքերով, այս ամենին նպաստել է ինչպես պետության նախարարության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աշխատանքը, մասնավորապես, ուղղիչ համակարգի զարգացման գործում մեծ ներդրում է արել ԿԽՄԿ-ն։
Ռեյնոլդսը հույս հայտնեց, որ երկօրյա խորհրդաժողովը կընթանա կառուցողական հունով, ինչը կօգնի զգալի ներդրում կատարել Հայաստանի քրեակատարողական հաստատություններում բանտարկյալների կեցության պայմանների բարելավման գործում։
«Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունների սոցիալական, հոգեբանական և իրավական խնդիրները» խորհրդաժողովի կազմակերպիչն է Արդարադատության նախարարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ։ Խորհրդաժողովի նպատակն է՝ հնարավորություն ընձեռել տարածքային և միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին՝ քննարկել Հայաստանի կալանավայրերում բանտարկյալների կեցության սոցիալական, հոգեբանական և իրավական պայմանները։
Խորհրդաժողովի ընթացքում քրեակատարողական հաստատությունների փորձագետներն ու ներկայացուցիչները ելույթ կունենան զեկույցներով և կմասնակցեն բանավեճերի հետևյալ երեք թեմաներով՝ հացադուլ, դատական գործընթացի ընթացքում երաշխիքների ապահովում և նախկին դատապարտյալների սոցիալական ինտեգրում։
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ 2006 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կալանավայրերում պահվում է 3083 կալանավոր և ձերբակալված՝ 2005 թ.-ի հունվարի 1-ի 2873-ի համեմատ։-0-

