Հայ խորհրդարանականները կարծում են, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները եղել են թափանցիկ և համապատասխանել են միջազգային չափանիշներին

Հայ խորհրդարանականները կարծում են, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները եղել են թափանցիկ և համապատասխանել են միջազգային չափանիշներին։
Ինչպես ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Զաքարյանը, ԼՂՀ նախագահական ընտրությունները եղել են լավ կազմակերպված և համապատասխանել են միջազգային չափանիշներին։
«Ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումներն ունեցել են զուտ տեխնիկական բնույթ և չեն խանգարել ընտրական գործընթացին։ Այս ընտրություններն առաջընթաց են ԼՂՀ կյանքում և հերթական քայլ՝ անկախության ձեռքբերման ճանապարհին»,- ասաց նա՝ ընգծելով, որ ընտրություններն անցել են հանգիստ, թափանցիկ և արդար մթնոլորտում։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով, ԼՂՀ նախագահական այս ընտրությունը նախորդներից տարբերվում էր երկու հատկանիշով։ Նախ՝ այն անցկացվեց 2006 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ընդունված՝ ԼՂՀ նոր Սահմանադրությանը համապատասխան, երկրորդ՝ ԼՂՀ բնակչությունն ընտրում էր իր երրորդ նախագահին, ինչի արդյունքում տեղի է ունենում քաղաքակիրթ իշխանափոխություն։
«Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին աշխարհին, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է, և հեռու չէ այն օրը, երբ հանրապետությունը կճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ նրանք, ովքեր դատապարտում են այս ընտրությունները, խոցելի են դառնում իրենք իրենց համար»,- ասաց Ռուստամյանը։
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիսի 19-ին անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները։
ԼՂՀ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ առաջատարն է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը. նրան օգտին քվեարկել է 57 հազ. 828 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 85,42%-ը։
Երկրորդ տեղում է փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, որին ձայն է տվել 8 հազ. 270 ընտրող կամ ընտրողների 12,21%-ը։
ԼՂՀ Կետրանական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 71 285 մարդ, այսինքն, ընտրողների 77,36%-ը։--0--