Հայաստանում նշվում է Սահմանադրության 12-րդ տարին

05.07.2007, 12:35
Հայաստանում նշվում է Սահմանադրության 12-րդ տարին
Հայաստանում նշվում է Սահմանադրության 12-րդ տարին

Այսօր Հայաստանում նշվում է երկրի Հիմնական օրենքի ընդունման 12-րդ տարին։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով։

Երկու տարի առաջ Հայաստանի Հիմնական օրենքը փոփոխություններ կրեց։ Ելնելով Եվրախորհրդի պահանջներից, որի անդամն է Հայաստանը 2001 թ.-ից՝ երկրի ղեկավարությունը նախաձեռնեց Սահմանադրության մեջ փոփոխությունների իրականացումը։

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեից  հետո՝ 2005 թ.-ի նոյեմբերի 27-ին, երկրի Հիմնական օրենքում էական փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին՝ ստեղծելով որակապես նոր հնարավորություններ՝ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների և  օրենքի գերակայության ապահովման համար։

Բարեփոխված Սահմանադրությունը մեծացրեց խորհրդարանի դերը և երկրի նախագահի լիազորությունների մի մասը փոխանցեց այլ կառույցների, մասնավորապես, կառավարությանը։

Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հայրենակիցներին ուղղված շնորհավորական ուղերձում ասվում է, որ «Յուրաքանչյուր պետության համար Սահմանադրությունը կարևոր դեր ունի, այն ուրվագծում է երկրի զարգացման ուղին»։

Նախագահի խոսքերով, Հայաստանի Սահմանադրությունը ամուր հիմք է՝  երկրում ժողովրդավարության ամրապնդման և կայուն զարգացման համար։

Պետության նախագահի ուղերձում ասվում է, որ Սահմանադրությունը երաշխավորում է մարդու հիմնական ազատությունները և  իրավունքները, ապահովում է իշխանության ճյուղերի միջև հավասարակշիռ բաշխվածությունը և դրանց արդյունավետ համագործակցությունը։ Այն տեղական ինքնակառավարման ամրապնդման հուսալի երաշխիքներ է տալիս։

Հայաստանի գործող Սահմանադրությունը բաղկացած է 117 հոդվածներից, որոնցում ամրագրված է, որ Հայաստանը անկախ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ --0—