Սարգսյան. ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, կհրապարակեմ

31.01.2022, 23:49
Սարգսյան. ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, կհրապարակեմ
Սարգսյան. ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, կհրապարակեմ
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Կազանում փաստաթուղթ չընդունեցինք: Այնտեղ պետք է հռչակագիր լիներ, այսինքն՝ առանց ստորագրությունների հայտարարվեր, քանի որ հիմնական փաստաթուղթը պետք է լիներ միջպետական պայմանագիրը` համապարփակ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման, որն ամեն ինչ ներառելու էր, հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա հստակեցրեց, որ դա Արցախի խնդրի խաղաղ կերպով լուծելու պայմանագիր պետք է լիներ՝ կնքված երկու կողմերի միջև, ընդ որում, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությամբ:

«Այդ դրվագը բոլոր փաստաթղթերում եղել է, այդ թվում՝ նաև այս մարդու (Փաշինյանի, խմբգր.) կողմից աղետ համարվող փաստաթղթում: Այդ փաստաթղթերը, իհարկե, ես հիմա դժվարանում եմ հրապարակել, ես երբեք չեմ էլ խոստացել հրապարակել: Այո, որոշակի ոչ հրապարակային խոսակցություններում ես ասել եմ, որ խոսում եմ, բանակցում եմ համանախագահների հետ թույլատվություն ստանալու ինչ-որ չափով հրապարակելու», - ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ Փաշինյանը հրապարակել է մեկ այլ փաստաթուղթ, և ինքը ոչ թե Կապանում է հրապարակել, այլ իրենք արտահոսք են տվել, կայքերից մեկում դա տպվել է, ու Կապանում նա դա ընթերցել է:

«Այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ այդ առաջարկությունը, ներկայացվել է կողմերին ոչ թե 2016 թվականին, այլ 2018 թվականին, եթե չեմ սխալվում հունվարին, թե փետրվարին: Այսինքն՝ նույնիսկ եթե սա խոսում է ինչ-որ աղետի մասին, նույնիսկ, ապա նոր առաջարկություն է եղել», - նշեց նա:

Այն հարցին, թե խոսքը Կրակովում 2018 թվականին արտգործնախարարների հանդիպման մասի՞ն է, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց․ «Այո, հենց դրա մասին է: Ինչի համար, իհարկե, իրենք կշտամբանք ստացան, որովհետև պետք էր պահպանել կոնֆիդենցիալությունը, դա բանակցող կողմերի պարտավորությունն է: Եվ հենց այդ է պատճառը, երբ որ ինքն ասում է՝ դե եթե փաստաթղթեր կան թող հրապարակեն, ես չեմ ուզում, որպեսզի համանախագահները կարծիքը փոխեն մեր մասին, կշտամբեն մեզ, ասեն՝ ինչո՞ւ եք հրապարակել»:

«Ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը: Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ», - ասաց Սարգսյանը:-0-