ՔՊ–ական Հակոբ Ասլանյանը որոշել է մեկ ամսով կասեցնել ՔՊ–ում իր գործունեությունը․ նշել է՝ գուցե դուրս գա ՔՊ–ից, բայց մանդատը վայր չդնի

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
Նա դիմել է խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։
«Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարել է պատգամավորը։
Նա ասել է, որ մեկ ամիս շարունակ չի մասնակցի ոչ խմբակցության նիստերին, ոչ՝ կուսակցական հավաքներին։ Եթե իր առաջադրած այս պայմանը չկատարվի, ամենայն հավանականությամբ, ՔՊ խմբակցությունից դուրս գալու որոշում կկայացնի, բայց ասաց՝ կշարունակի մնալ ՔՊ կուսակցության շարքերում, քանի դեռ իրեն չեն հեռացրել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3–ին ՔՊ վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ–ից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Ավելի ուշ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը տարբեր դրվագներով նման բնույթի տեղեկատվության և կուսակցական, քաղաքական ներքին տեղեկատվությունների արտահոսքեր է կազմակերպել: Դրանք պարզվել են և դարձել հեռացման հիմքերից մեկը։
Ավելի ուշ Աղազարյանը հայտարարել է, որ իր հեռախոսը 10 օրից ավել գտնվել է քննիչների մոտ։ Հեռախոսը բացել են և հեռախոսի շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ։
Աղազարյան VS Քյարամյան
Հոկտեմբերի կեսերին խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ Աղազարյանը վիճել է Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Աղազարյանը Քյարամյանին կասկածում էր գործարարների վրա ճնշումներ գործադրելու և Քննչական կոմիտեի լիազորությունները չարաշահելու մեջ, իսկ Քյարամյանը հակադարձեց, որ Աղազարյանի որդու համար(ով, ըստ մամուլի հրապարակումների, զբաղվում է մեքենաների ներկրմամբ և վաճառքով, խմբ.) «երկու անգամ խնդրել են» և սրա մեջ կոռուպցիոն տարր կա։
Դրանից հետո մամուլում պարբերաբար տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել մանդատը։
Քրեական գործ
Աղազարյանի և Քյարամյանի միջև ծագած վիճաբանությունից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ)։ Այս հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն։
Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։