Մենք պետք է սովորենք գազատարը փակ վիճակում ապրել. Անդրանիկ Քոչարյան (ՎԻԴԵՈ)

23.03.2022, 11:23
Քոչարյանի խոսքով, մենք պետք է միակամ լինենք, որպեսզի գազատարը փակել–բացելը Ադրբեջանը չդարձնի գործիք, մենք պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել. ՎԻԴԵՈ
Մենք պետք է սովորենք գազատարը փակ վիճակում ապրել. Անդրանիկ Քոչարյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գազ, գազի հետ կապված հումանիտար խնդիր․․․ հակառակորդը փորձում է մեզ թուլացնելով նոր առաջարկներ ներկայացնել: Մենք պետք է միակամ լինենք, սովորենք գազատարը փակ վիճակում ապրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Загружается новость ... "Лево"

Պատասխանելով այն հարցին, թե ի վերջո ինչպես է լուծվելու Արցախի գազատարի հարցը, որպեսզի Ադրբեջանը այն չկառավարի` Քոչարյանը նշել է, որ դրա գործիքակազմը միջազգային ճնշումներն են։

«Բայց միայն ճնշումները բավարար չեն, վերջին հաշվով պետք է նաև կարողանալ հակառակորդին համոզել, որ գազատարը պայթեցնելով չի մոտեցնում այն հիմնարար խնդիրների լուծմանը, որը կոչվում է խաղաղության բանաձև, դրա համար պետք է խոսել բոլոր մակարդակներում, նաև միջնորդների օգնությամբ։ Մի մոռացեք, որ 90–ականներին գազատարը պայթեցվում էր Վրաստանի տարածքում համարյա շաբաթը 3 անգամ, վերանորոգում էինք, հետո էլի էին պայթեցնում, հետո գործողություններ իրականացվեցին հայկական կողմից, հետո հասկացան, որ գազատար պայթեցնելը որևէ հեռանկար չի ապահովում, առավելություն չի տալիս մարտական գործողությունների ընթացքում մեր նկատմամբ։ Փականի վրա ազդեցության գործիքներ պետք է ձևավորենք, որի միջոցով փականը կլինի ավելի բաց ստատիկ վիճակում», – նշել է Քոչարյանը։

Խոսելով հումանիտար խնդիրներիի մասին` Քոչարյանը նշել է, որ պետք է գտնել միջոցների էֆեկտիվ կառավարում։

«Մենք նման բաների միջով անցել ենք․ առանց հոսանք, առանց գազ, բայց արժանապատվորեն մեր ժողովուրդը իր խաչը տարել է և կերտել 94–ի հաղթանակը։ Մենք պետք է միակամ լինենք, որպեսզի գազատարը փակել–բացելը նա չդարձնի գործիք, մենք պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել»։

Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին և դրա շուրջ խորհրդարանական ընդդիմության հայտարարություններին` Քոչարյանը նշել է, որ ընդդիմությունը դժգոհում է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը կստացվի, որովհետև իրենց մոտ չի ստացվել․ «Ընդդիմությունը չի ընկալում պետականությունն ու դրա կարևորությունը մեր ժողովրդի համար:Մեր խնդիրը խաղաղության հասնելն է՝ առանց լարվածության օջախ հանդուրժելու և մունդռիկների տեղը ճիշտ ֆիքսելով»: 

Հիշեցնենք, որ մարտի 21–ին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», - նշվում է հաղորդագրության մեջ։–0–