Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը չպետք է լինի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը․ Արսեն Թորոսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը չպետք է լինի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատտգամավոր Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արված հայտարարությունը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ևս մեկ անգամ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ և ինչու է դա տեղի ունեցել։ Նա կարծում է, որ կարևոր է հասկանալ, թե ինչու է Հայոց ցեղասպանության հարցը հայտնվել հայկական օրակարգում և ընդգծել է խորը վերլուծության անհրաժեշտությունը։
«Ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է, որը ամեն երկիր իր առջև դնում է և ճանաչում է։ Դա տարբեր երկրների խնդիրն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Դա եղել է, և մենք դրա պտուղները հիմա քաղում ենք», – ասել է Թորոսյանը։
«Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, անիրատեսական իղձերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը կամ կատարելու է ռեպարացիաներ», – հարցադրում է արել Թորոսյանը։
«Եթե մենք դրա համար ենք ապրում Հայաստանում, կներեք, բայց ես համաձայն չեմ: Հայաստանն իր քաղաքացիների բարօրությունը, բարեկեցությունը, անվտանգությունը և մնացած բոլոր ատրիբուտներն ապահովելու համար է և ոչ ավել։ Եվ եթե մենք դնում ենք այլ նպատակներ Հայաստանի առաջ, ապա իմ ասած կարևոր ատրիբուտները դնում ենք կասկածի տակ։ Մենք պետք է դադարենք նայել մեր սահմաններից դուրս։ Մենք պետք է կենտրոնանանք մեր երկրի վրա, մեր ունեցածի վրա, մեր միջազգայնորեն ճանաչված պետության վրա իր բոլոր ատրիբուտներով», – ասել է նա։
Նա կարևոր է համարում խոսել դրա մասին, չնայած քննադատություններին, քանի որ դա կհանգեցնի ապագայում նման ռիսկերի չեզոքացմանը։
«Մեզ ցեղասպանած երկիրը մինչև հիմա մեր հարևանն է։ Մենք ոչ մի տեղ չենք կարող փախնել նրանցից։ Մենք պետք է հարաբերվենք իրենց հետ, մենք ուզու՞մ ենք հարաբերվել իրենց հետ, թե՞ չէ։ Կարծում եմ՝ ուզում ենք», – ասել է նա։
Միաժամանակ Թորոսյանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը։
«Ես չեմ պատկերացնում որևէ հայ, Հայաստանի քաղաքացի կամ որևէ քաղաքակիրթ մարդ, որ դա կարող է կասկածի տակ դնել», – ասել է նա։