Եթե բոլոր համաձայնություններն արտահայտվեն Խաղաղության պայմանագրում, այն կարելի է շատ արագ ստորագրել. ԱԺ փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում Հայաստանի դիրքորոշումն այն է, որ ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների ներքո, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով, նա սա ասում է` անկախ Խաղաղության պայմանագրի համատեքստից:
«Ընդհանրապես, ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը սա է. տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն համաձայնություն, և այդ համաձայնությունը ֆիքսվել է 2022 թվականին Պրահայում, այնուհետև՝ Սոչիում, այնուհետև՝ Բրյուսելում, այնուհետև՝ վերջերս տեղի ունեցած՝ փոխվարչապետների ղեկավարության ներքո համապատասխան սահմանազատման հանձնաժողովների նիստերի ընթացքում արձանագրված համաձայնության համատեքստում: Եթե այս բոլոր համաձայնություններն արտահայտվեն Խաղաղության պայմանագրում, պայմանագիրը կարելի է շատ արագ ստորագրել», – ընդգծեց Ռուբինյանը։