«Վտանգավոր է երեխաների համար», «Զարմացած եմ, որ չասեցիք՝ հերթական ազգադավ ծրագիրն է». ԱԺ-ում նախագծի քննարկում է
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Առաջին հայացքից անմեղ թվացող նախագծով առաջարկվում է 16-18 տարեկաններին տալ իրավունք՝ տեղեկություն ստանալու իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, բուժման մեթոդների ընտրության վերաբերյալ։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Պատգամավորը նշեց, որ գործող իրավակարգավորումներով՝ 16 տարին լրացած երեխան ուներ այդ իրավունքները, եթե բժիշկը հավաստում էր, որ երեխան ի վիճակի է ճիշտ գնահատել իր առողջական վիճակը և որ այդ տեղեկությունները չեն վնասի և չեն դժվարացնի բժշկական օգնության տրամադրումը։
«Այս նախաձեռնությամբ այդ բացառությունները հանվում են։ Փաստացիորեն, պետք է հասկանալ, թե որն է այս փոփոխության նպատակը. հեղինակը պնդում է՝ գործող օրենքում 18 և 16 հոդվածների հակասությունն է։ Եթե կա հակասություն, կարելի է 18-րդ հոդվածում այդ հարցը լուծել, ոչ թե 16-18 տարեկանում երեխային վտանգավոր իրավիճակի հասցնել։ Նա դեռ երեխա է»,- նշեց պատգամավորը։
Կյուրեղյանի խոսքով՝ մյուս հիմնավորումն այն է, որ բժշկի տեղեկանքի տրամադրումն առաջացնում է բյուրոկրատական քաշքշուկներ։
«Այսինքն, որ բժշկի բյուրոկրատական քաշքշուկից ազատվենք ուղղակի տեղեկանքի պահա՞նջն ենք հանում։ Եկեք միջոցներ ձեռնարկենք, որ քաշքշուկը դուրս գա իրավիճակից»,- հավելեց պատգամավորը։
Կյուրեղյանը նշում է՝ սա հակասում է Սահմանադրության 37-րդ հոդվածին, որն ասում է՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան,
«Իսկ այստեղ մոռացվում են»,-ասաց նա՝ ավարտելով ելույթը, որին արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես զարմացած եմ, որ չասեցիք՝ սա հերթական ազգադավ ծրագիրն է»,- ասաց Ռուբինյանը։

