Սահմանադրական բարեփոխումների դեմ հաջորդ հանրահավաքը կանցկացվի հանրաքվեից երեք օր առաջ
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի «Ո՛չ» միասնական ճակատը հաջորդ հանրահավաքը կանցկացնի դեկտեմբերի 3–ին Երևանում, ուրբաթ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը Ազատության հրապարակում կազմակերպված հերթական հանրահավաքի ժամանակ։
«Ո՛չ» ճակատը դեմ է հանդես գալիս սահմանադրական բարեփոխումներին։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։
Ինչպես նշեց Զուրաբյանը, այս անգամ «Ո՛չ» շարժմանը միանում են ոչ միայն իշխանություններից դժգոհ քաղաքացիները, այլ նաև, այսպես կոչված, միջին խավը, որը սովորաբար խուսափում է քաղաքական գործընթացներից։ Իր համախոհների հետ միասին Զուրաբյանը կոչ արեց քաղաքացիներին դեկտեմբերի 6–ին «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին։
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ընդգծեց, որ «երկրում որևէ մարդ չկա, ով կհավատար այդ բարեփոխումների արդյունավետությանը»։
Հանրահավաքն անցավ առանց միջադեպերի և ավարտվեց Երևանի կենտրոնական փողոցներով կազմակերպված երթով։
Բարեփոխված Սահմանադրության նախագիծը նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման կարգին։
Ըստ նախագծի` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները կկրճատվեն, ընտրվում է յոթ տարի ժամկետով (ներկա հինգ տարվա փոխարեն) ոչ թե համազգային քվեարկության միջոցով, այլ խորհրդարանի կողմից։
Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության գերագույն մարմինը հռչակվում է կառավարությունը, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը սեփական ծրագրի հիման վրա։ –0–

