ՀԱՊԿ–ը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել գնդակոծությունները` ՀՀ–ի համար անվտանգության սպառնալիքների աճ թույլ չտալու համար
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռազմատենչ հռետորաբանությունը հանգեցնում է իրավիճակի լարման և տապալում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը։
«Հաշվի առնելով ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21–ին կայացած Մշտական խորհրդի նիստի ժամանակ, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծություններն ու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

