Կարմիր խաչը 4 անգամ կավելացնի իր ներկայությունն Արցախում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ խմբի քառակի մեծացման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հակամարտության սրմանը զուգահեռ մենք հասկացանք, որ պետք է ավելին անենք: Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր բյուջեն 10 մլն ֆունտ սթերլինգ էր , ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն ֆունտ։ Այսինքն՝ մենք 4 անգամ կմեծացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդ ունեինք։ Հիմա նախատեսում ենք տարածաշրջան ուղարկել լրացուցիչ 400-500 մարդ։ Վերջին օրերին մենք արդեն մեր ներկայությունը մեծացրել ենք»,- հայտնել է Մաուրերը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին հրաման էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին։
Նոյեմբերի 20-ին Ստեփանակերտ են ուղղվել հումանիտար օգնությամբ առաջին շարասյուները, նոյեմբերի 21-ին առաջին շարասյունը տեղ է հասել։ ԱԻՆ-ն ընդհանուր Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում 345 տոննա հումանիտար օգնություն՝ շինանյութեր սոցիալական ենթակառուցվածքների և տուժած բնակչության տների վերականգնման համար։-0-