Ադրբեջանական քարոզչությունը միայն իրեն հասկանալի տրամաբանություն ունի. ԱԳ նախարար

26.01.2015, 19:43
Ադրբեջանական քարոզչությունը բնորոշ ոճ, տրամաբանություն կամ երևակայություն ունի, որը հասկանալի է հենց իրենց, երկուշաբթի ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ամփոփելով 2014 թվականի արդյունքները։
Ադրբեջանական քարոզչությունը միայն իրեն հասկանալի տրամաբանություն ունի. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական քարոզչությունը բնորոշ ոճ, տրամաբանություն կամ երևակայություն ունի, որը հասկանալի է հենց իրենց, երկուշաբթի ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ամփոփելով 2014 թվականի արդյունքները։

«Ես չեմ հիշում, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների որևէ հանդիպում, որն ադրբեջանական ԶԼՄ–ները չխեղաթյուրեին և ոտքից գլուխ չշրջեին բանակցությունների արդյունքներն ու էությունը»,– ասաց Նալբանդյանը` մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին Գերմանիայի կանցլերի հայտարարության ադրբեջանական մեկնաբանությունը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե Գերմանիան ցանկանում է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ–ադրբեջանական վեճերի լուծման հարցում։ Մերկելը մամուլի նշել է նաև, որ իր կարծիքով` Ռուսաստանը բացասական դեր ունի այդ հակամարտությունում։

«Ադրբեջանցիները փորձում են ամեն ինչ ներկայացնել այնպես, ինչպես կցանկանային։ Բայց ո՞րն է իմաստը։ Ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշումը համապատասխանում է Ռուսաստանի, ինչպես նաև Ֆրանսիայի և ԱՄն–ի դիրքորոշմանը։ Մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական ԶԼՄ–ներն աղավաղում են տեղեկությունը»,– ասաց Նալբանդյանը։

ԱԳՆ ղեկավարի խոսքով`Հայաստանը միաժամանակ իրազեկում է միջազգային հանրությանը ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մեծացման մասին։

Հունվարի սկզբից ղարաբաղյան և ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանում իրավիճակը կտրուկ սրվել է։ Գրեթե ամեն օր հաղորդումներ են ստացվում կրակոցների, այդ թվում, ականանետներով գնդակոծումների, ինչպես նաև դիվերսիաների փորձերի և կորուստների մասին, այդ թվում` հայկական կողմից։

«Մենք տեղեկացրել ենք Ադրբեջանի գործողությունների մասին և՛ ՀԱՊԿ–ին, և՛ ԵԱՀԿ–ին, և՛ Եվրոպայի խորհրդին ու ՄԱԿ–ի տարբեր կառույցներին և շարունակում ենք դա անել, երբ սադրանքներ են կատարվում ադրբեջանական կողմից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը սահմանում, շփման գծում կամ հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ»,– ասաց Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-