Արցախում հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

24.04.2014, 17:36
Արցախի Հանրապետությունում հինգշաբթի նշում են Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցը։
Արցախում հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետությունում հինգշաբթի նշում են Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցը։

Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և Ստեփանակերտում Հուշահամալիրին ծաղիկներ դնելու են եկել ԼՂՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ինչպես նաև խորհրդարանի և կառավարության անդամներ, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը, հանրապետության պետհաստատությունների, ձեռնարկությունների և կրթական հաստատությունների անձնակազմներ։

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և թեմի ծառայողները Ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի կարգ են մատուցել։

Բացի այդ, նախօրեին Ստեփանակերտում ջահերով երթ է կազմակերպվել։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-