Անհրաժեշտ է նոր որակ հաղորդել ՀԲԸՄ գործունեությանը Արցախում. ԼՂՀ նախագահ

17.11.2011, 12:48
Անհրաժեշտ է նոր որակ հաղորդել ՀԲԸՄ գործունեությանը Արցախում. ԼՂՀ նախագահ
Անհրաժեշտ է նոր որակ հաղորդել ՀԲԸՄ գործունեությանը Արցախում. ԼՂՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ժամանել է Նյու Յորք:

Ինչպես տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը նախագահը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և կազմակերպության կենտրոնական վարչության անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ ՀԲԸՄ-ն շոշափելի դերակատարություն է ունեցել հանրապետության զարգացման գործում, և այսօր էլ զգացվում է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներին նրա աջակցության անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կազմակերպության գործունեությանը Արցախում:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: --0-