ԼՂՀ նախագահը շնորհավորական հեռագիր է հղել «Արմենիա» առագաստանավի անձնակազմին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության հաջող ավարտի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 8-ին շնորհավորական հեռագիր է հղել առագաստանավի անձնակազմին:
Ինչպես նշում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.
«Շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության հաջող ավարտի կապակցությամբ:
Ողջ Արցախը ուշադիր հետևում էր «Արմենիա» առագաստանավի ոչ հեշտ, իսկ հաճախ էլ նաեւ վտանգավոր երթուղուն: Աշխարհասփյուռ հայերի վրա խորին տպավորություն է գործել այն փաստը, որ շրջանցելով իր վտանգավորությամբ հայտնի Հորն հրվանդանը, դուք այնտեղ տեղադրել եք հայկական խաչ` ի հիշատակ երկրագնդի բոլոր անմեղ զոհերի:
Լինելով Սփյուռքի ամենատարբեր մասերում` դուք հայրենասիրության հզոր լիցք եք հաղորդել մեր հայրենակիցներին, ինչի կարեւորությունը դժվար է գերագնահատել:
Կրկին շնորհավորում եմ առագաստանավի անձնակազմին հայրենանվեր առաքելության փառավոր ավարտի կապակցությամբ: Կամքի ու ոգու այդ հերթական հաղթանակը իր արժանի տեղը կզբաղեցնի մեր ժողովրդի պատմության մեջ:
Անհամբեր սպասում ենք ձեզ Արցախյան հողում»:
«Արմենիա» առագաստանավով շուրջերկրյա նավարկությունը «Մեսրոպ Մաշտոց» արշավի շրջանակներում մեկնարկել է 2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: Նավարկության ընթացքում հատուկ երթուղի է մշակվել, որի շրջանակներում չի շրջանցվել մոլորակի ոչ մի անկյուն, ուր ապրում է գոնե մեկ հայ։ Առագաստանավը պետք է խարիսխ գցի հինգ մայրցամաքների նավահանգիստներում՝ անցնելով Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով։
Առագաստանավը նախորդ շաբաթ խարիսխ է գցել Բեյրութի «Մարինա» նավահանգստում:—0--