Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

15.07.2011, 14:57
Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի ու բանակցային գործընթացի հեռանկարների շուրջ», - նշվում է տեղեկատվության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախօրեին ժամանել են Բաքու հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդային առաքելության շրջանակներում:

Բաքվից նրանք կայցելեն Երևան, իսկ հետո Ղարաբաղ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-