Ղարաբաղի իշխանություններն ամեն ինչ կանեն բանակի մարտունակության պահպանման համար. նախագահ
Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այսուհետ ևս կանեն հնարավորինը՝ Ղարաբաղի պաշտպանության բանակի բարձր մարտունակությունը պահպանելու համար, ղարաբաղաադրբեջանական սահմանի հյուսիսային տեղամասն այցելության ժամանակ հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
«ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նշել է հյուսիսային տեղամասի կարևոր նշանակությունը երկրի սահմանի անվտանգությունն ապահովելու գործում»,- անցած հանգստյան օրերին Մարտակերտի և Շահումյանի շրջաններ Սահակյանի աշխատանքային այցի արդյունքների մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից։
Պետության ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ սպաների և զինվորների։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-