ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը կոչ է արել սփյուռքին նախաձեռնել ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը

26.04.2010, 13:29
ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը կոչ է արել սփյուռքին նախաձեռնել ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը դիմել է սփյուռքում գործող հայկական կազմակերպություններին՝ կոչ անելով նախաձեռնել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը:

«2009 թվականի ապրիլից, երբ հայ-թուրքական երկխոսությունը տեղափոխվեց հանրային հարթակ, մենք հայտնվեցինք նոր մարտահրավերների դեմ հանդիման։ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացը, հանրահայտ երկու արձանագրությունների ստորագրումը առիթ դարձան ներհայկական բուռն բանավեճերի։ Սեփական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը հայերի կողմից Ադրբեջանի օգտին տարածքային զիջումների հետ կապելու՝ Թուրքիայի շարունակական փորձերը հավելյալ լարվածություն են հաղորդել կովկասյան տարածաշրջանին», - ասվում է ուղերձում, որի տեքստը երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը:

Հայկական երեք ավանադական կուսակցություններին ու Սփյուռքի լոբբիստական կառույցներին հղված ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ արևմտյան հանրությունը, Սփյուռքի հայկական կազմակերպությունների աջակցությամբ, ակտիվացրել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը՝ որպես ներազդելու միջոց թուրքական ղեկավարության վրա, որը հրաժարվում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացում ստանձնած պարտավորությունների կատարումից։

«Ի պատասխան այդ ներազդման՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հայտարարեցին տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման սպառնալիքի մասին։ Նկատի ունենալով Թուրքիայի մերձավորագույն դաշնակից Ադրբեջանի ռազմատենչ ծրագրերը՝ կարելի է չկասկածել, թե հատկապես որտեղից և ինչ ուղղությամբ կարող է սկսվել այդ ապակայունացումը։ Դրա հետ կապված՝ հրատապ է դարձել ԼՂՀ անվտանգության ամրակայման, այսինքն՝ նոր ցեղասպանության վտանգի կրկնման բացառման խնդիրը, այս անգամ արդեն Արևելյան Հայաստանում», - նշվում է փաստաթղթում:

ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհուրդը գտնում է, որ մեր ժողովրդի համար այնպիսի կարևոր խնդրի լուծման հետ միասին, ինչպիսին Ցեղասպանության ճանաչումն է, սփյուռքահայ կազմակերպություններին հարկ է քննարկել նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը որպես իրենց գործունեության հավասարազոր առաջնահերթ ուղղություն:

Ըստ ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի՝ վերջին ժամանակներս Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման նախադեպերն ապացույցն են այն բանի, որ ճանաչումը հանդիսանում է հակամարտային գոտիներում անվտանգության ամրապնդման և կայունության ապահովման իրական լծակ, ինչը, ամեն ինչից զատ, մեծ ջանքեր ու ծախսեր չի պահանջում։

Հանրային խորհրդի անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը նշել է, որ  արտերկրի հայրենակիցները մեծ փորձ ունեն, որ տասնամյակների ընթացքում ձեռք են բերել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված գործունեությունում։

«Եկել է ժամանակը այդ փորձն օգտագործելու Արցախում հայոց հաղթանակների միջազգային-իրավական ամրապնդման համար», - ասել է նա:

Հանրային խորհրդի կարծիքով՝ տարբեր երկրների անգամ տեղաշրջանային մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների  կողմից Արցախի ճանաչումը կոգևորի ու կզորակցի արցախցիներին, առավելս տոկունություն կհաղորդի նրանց և բարոյական ու ինստիտուցիոնալ լուրջ աջակցություն կհանդիսանա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-