«Ամերիաբանկի» մասնաճյուղի բացումը Ստեփանակերտում նշանակալի իրադարձություն է Ղարաբաղի և Հայաստանի ֆինանսական կյանքում. ՀՀ կենտրոնական բանկի ղեկավար

10.11.2008, 13:40
«Ամերիաբանկի» մասնաճյուղի բացումը Ստեփանակերտում նշանակալի իրադարձություն է Ղարաբաղի և Հայաստանի ֆինանսական կյանքում. ՀՀ կենտրոնական բանկի ղեկավար

«Ամերիաբանկի» մասնաճյուղի բացումը Ստեփանակերտում նշանակալի իրադարձություն է Ղարաբաղի և Հայաստանի ֆինանսական կյանքում, շաբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ԼՂՀ-ում բանկի մասնաճյուղի բացման արարողության ընթացքում։

Նրա խոսքերով, նշանակալի է այն առումով, որ «Ամերիաբանկը», որը Հայաստանում վերջին ամիսներին ամենաագրեսիվ տեմպերով զարգացող բանկն է, ներդրումային բանկ հանդիսանալով, որոշում ընդունեց բացել իր առաջին մասնաճյուղը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

«Դա նշանակում է, որ այն ներդրումային ծրագրերը, որոնք «Ամերիաբանկը» նախատեսում է իրականացնել Հայաստանում, իրենց արձագանքը կգտնեն Լեռնային Ղարաբաղում»,-ասաց Ջավադյանը։

ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարը հայտնեց, որ սա Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանկային համակարգի 24-րդ մասնաճյուղն է։ «Դա նշանակում է, որ ԼՂՀ-ում ձևավորված բիզնես-միջավայրը բավական բարենպաստ է, և բանկերը մեծ հնարավորություններ ունեն եկամտային գործունեություն իրականացնելու համար»,- նշեց Ջավադյանը։ -0-