Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը չի սահմանում նրա կարգավիճակը. ՀՀ Նախագահը կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից սորագրած փաստաթուղթը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը։ Այս մասին մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
«Սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար է: Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը»,- ասել է Սարգսյանը՝ ընդգծելով Մինսկի գործընթացի հնարավորինս արագ վերականգնման անհրաժեշտությունը:
Նրա խոսքով համապատասխան ազդակներ արդեն եղել են Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։
Նախագահի խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է:
«Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ և կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետևաբար, մեր առջև խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր,-ասել է նախագահը:-0-