Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվում է. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակն առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մինչև հրադադարի հայտարարելը երեկվա ողջ գիշերը և մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթանում էին, հատկապես թեժ էր հարավային ուղղությունը, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ընդհանուր առմամբ հակառակորդը նույն գործողությունն էր փորձում իրականացնել, իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվել է հայկական Զինված ուժերի կողմից», – նշել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և մանր այլ միջոցներ։
«Հրադադարի հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, ավելի ուժգնացել են, բայց մեր Զինված ուժրը հետ են մղել բոլոր առաջխաղացումները։ Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվում է, ինչպես հայտարարվել է ժամը 12։00–ից, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից տրվել է պատասխան», – նշել է Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–