Հայտնի է Շառլ Ազնավուրի հուշարձանի բացման ամսաթիվը
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի բացման արարողությունը Երևանում նախատեսված է հուլիսի 18-ին, այսօր Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։
«Ազնավուրի հուշարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները գտնվում են վերջնական փուլում, քանդակագործի և մեր մյուս գործընկերների հետ վերջին քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին։ Հուշարձանը պատրաստվում է Շիրակում և ամբողջությամբ պատրաստ կլինի այս շաբաթ։ Այն կտեղադրվի հուլիսի 16-ին Ազնավուրի հրապարակում, իսկ բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին», -ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ բացմանը հրավիրվել են հյուրեր Ֆրանսիայից, մասնավորապես՝ Իլ դը Ֆրանս շրջանից և Փարիզից։
Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի բաց մրցույթը քաղաքապետարանը հայտարարել է 2023 թ.-ի նոյեմբերի 4-ին։ Այս տարվա փետրվարին հաղթող է ճանաչվել քանդակագործ Դավիթ Մինասյանի նախագիծը։
Սա քաղաքային իշխանության առաջին փորձը չէր մեծ շանսոնյեի հուշարձանը Երևանում տեղադրելու համար։ 2023 թ.-ի ամռանը նախատեսվում էր Ազնավուրի արձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, իսկ Օգյուստ Ռոդենի՝ 2006 թ.-ից այնտեղ գտնվող Ժյուլ Բաստիեն Լեպաժի քանդակը տեղափոխել մեկ այլ վայր։ Ավելի ուշ որոշվեց Ազնավուրի հուշարձանը տեղադրել նրա անունը կրող հրապարակում։

