Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

25.01.2023, 09:49
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում։

Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:

Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26», - նշում են գերատեսչությունից:-0-