Ղարաբաղցի զինծառայողներն ադրբեջանական անօդաչու թռչող սարք են վնասազերծել
13.12.2015,
17:02
Ղարաբաղի պաշտպանության բանակի` առաջնագծում տեղակայված զինծառայողներն ադրբեջանական անօդաչու թռչող սարք են վնասազերծել:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղի պաշտպանության բանակի` առաջնագծում տեղակայված զինծառայողներն ադրբեջանական անօդաչու թռչող սարք են վնասազերծել, Facebook–յան իր էջում գրել է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով նկարահանում է բանակային թեմայով վավերագրական տեսանյութեր։
Նրա խոսքով` ղարաբաղցի դիրքապահները հայտնաբերել և վնասազերծել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքը դեկտեմբերի 11–ին։
Անօդաչու ինքնաթիռը վառվելով ընկել է ադրբեջանական տարածքի վրա։ «Ադրբեջանցի դիրքապահները կարծել են, թե դա նոր հայկական զենք է և սկսել են կրակել իրենց իսկ սարքի վրա», – գրում է Զաքարյանը։
Մասնագետների կարծիքով` ոչնչացվել է Orbiter տեսակի իսրայելական անօդաչու հետախուզական ինքնաթիռը, որի արժեքը տատանվում է 600–700 հազար դոլար։–0–