Պարից դեպի մեծ բեմ. ով է «Եվրատեսիլ 2026»-ի Հայաստանի ներկայացուցիչ SIMÓN-ը
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․«Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ Սիմոն Հովհաննիսյանը, որը հանդես է գալիս SIMÓN բեմական անվամբ։ Վիեննայում կայանալիք մրցույթում արտիստը կներկայանա «Paloma Rumba» երգով։
SIMÓN-ը լայն ճանաչում ձեռք բերեց նախորդ տարի՝ մասնակցելով «Դեպի Եվրատեսիլ 2025» ազգային ընտրությանը։ Նրա «Ay Paparey Bye» կատարումը դարձավ նախագծի ամենաքննարկվող համարներից մեկը՝ արժանանալով թե՛ տեղական, թե՛ միջազգային ժյուրիի ամենաբարձր գնահատականներին, սակայն հանդիսատեսի քվեարկության արդյունքում նրան չհաջողվեց նվաճել հաղթանակը և ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլում։
Մինչ երգչի կարիերան սկսելը, Սիմոն Հովհաննիսյանը զբաղվել է պրոֆեսիոնալ պարով։ Նա մասնակցել է «Պարիր, թե կարող ես» պարային նախագծին։ Հետագայում Սիմոնը մասնակցել է նաև «2 աստղ» երաժշտական նախագծին, որտեղ հանդես է եկել պարուհի Սոնա Եսայանի հետ։ Զույգը հասել է մինչև եզրափակիչ փուլ։
Սիմոնը ակտիվ գործունեություն է ծավալում նաև երևանյան ժամանցի վայրերից մեկում՝ հանդես գալով երաժշտական շոու-ծրագրերով։ Բացի եվրատեսիլյան «Paloma Rumba» և «Ay Paparey Bye» ստեղծագործություններից, նա թողարկել է նաև «Paranoia» երգը։
Նշենք, որ Սիմոն Հովհաննիսյանը ծնվել է Հրազդանում։ Նա ամուսնացած է երգչուհի և պրոդյուսեր Անուշ Ավագյանի հետ, և ունի զույգ որդիներ։
Սիմոնը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 14-ին։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 16–ին։
Հայաստանը «Եվրատեսիլում»
Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում մասնակցում է 2006 թվականից։ Երկրի լավագույն արդյունքը 4-րդ հորիզոնականն է, որը զբաղեցրել են Սիրուշոն (2008) և Արամ MP3-ն (2014)։
Մրցույթում Հայաստանը ներկայացրել են նաև Անդրեն (2006, 8-րդ տեղ), Հայկոն (2007, 8-րդ տեղ), Ինգա և Անուշ Արշակյանները (2009, 10-րդ տեղ), Եվա Ռիվասը (2010, 7-րդ տեղ), Էմմին (2011, չի անցել եզրափակիչ), «Dorians» խումբը (2013, 18-րդ տեղ), «Genealogy» խումբը (2015, 16-րդ տեղ), Իվետա Մուկուչյանը (2016, 7-րդ տեղ), Արծվիկը (2017, 18-րդ տեղ), Սևակ Խանաղյանը (2018, չի անցել եզրափակիչ), Սրբուկը (2019, չի անցել եզրափակիչ), Ռոզա Լինը (2022, 20-րդ տեղ), Բրյունետը (2023, 14-րդ տեղ) և «Լադանիվա» խումբը (2024, 8-րդ տեղ)։
Նախորդ տարի՝ 2025 թվականին, Հայաստանը ներկայացրել է Պարգև Մարգարյանը, որը հանդես է եկել PARG բեմական անվամբ։ Նա մրցույթին մասնակցեց SURVIVOR ստեղծագործությամբ և զբաղեցրեց 20–րդ հորիզոնականը։

