Հուզիչ անակնկալ․ երգչուհի Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին (ՎԻԴԵՈ)

08.10.2026, 12:14
Ինչպես Տաթև Ասատրյանը բնակարանի բանալիները հանձնում փոքրիկ Նժդեհին․ ՎԻԴԵՈ
Հուզիչ անակնկալ․ երգչուհի Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երգչուհի Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին։ Այս մասին երգչուհին հայտնել է Facebook–յան իր էջում` հրապարակելով տեսանյութ։

Նժդեհը հանրությանը հայտնի դարձավ «Ես կամ» հաղորդման միջոցով։ 2023 թվականին նա մասնակցել էր հաղորդմանը և պատմել, որ Էջմիածնի հանրակացարաններից մեկում ապրում է տատիկի հետ՝ ծանր կենցաղային պայմաններում։ Հաղորդումից հետո Նժդեհի և Տաթև Ասատրյանի կապը շարունակվել է։

«Ես վստահ եմ, որ հիմա ձեր սիրտն էլ է հանգիստ, ինչպես և իմը», - գրել է երգչուհին տեսանյութին կից։

Տաթև Ասատրյանը պատմել է, որ հաղորդումից ամիսներ անց, երբ Նժդեհի տատիկը մահացել է, հայտնվել են ազգականներ, որոնք վաճառել են այն բնակարանը, որտեղ Նժդեհը ապրում էր։

«Ու ստացվեց այնպես, որ երեխան մնաց անտուն, որովհետև տատը չէր հասցրել կտակել բնակարանը երեխային, և այդ օրվանից իմ հոգու պարտքը եղավ այն, որ Նժդեհը ունենա իր սեփական տունը, որտեղից իրեն ոչ մեկ չի կարողանա դուրս հանել, իսկ Նժդեհը բացի Էջմիածնից ուրիշ ոչ մի տեղ չի ուզում ապրի։ Իր ընկերները, մանկությունը, պատմությունը, ամեն ինչ այնտեղ է թողել», - ասել է երգչուհին։