Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը չի ազդի ԼՂՀ հասարակության ժողովրդավարական զարգացման վրա. կարծիք

19.03.2008, 19:28
Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը չի ազդի ԼՂՀ հասարակության ժողովրդավարական զարգացման վրա. կարծիք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը որևէ կերպ չի կարող ազդել Ղարաբաղի ժողովրդի մտադրության վրա՝ շարունակել հասարակության ժողովրդավարական զարգացումը, որտեղ հավասարության և ազատության սկզբունքները գնահատվում են ոչ պակաս, քան ՄԱԿ-ի անդամ-պետությունների մեծ մասում։ Այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում ասաց «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` 39 «կողմ», յոթ «դեմ» ձայներով։ Քվեարկությանը մասնակցել է ՄԱԿ 192 անդամ-երկրներից 147-ը։ ՄԱԿ անդամ 100 երկրներ ձեռնպահ են մնացել  բանաձևի քվեարկության ժամանակ. բանաձևով Ադրբեջանը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Ռուսաստանի հետ մեկտեղ եղել են «դեմ» քվեարկածների թվում։

Օհանջանյանի խոսքով, միջազգային հանրությունը փորձում է անտեսել ԼՂՀ-ի դե-ֆակտո գոյությունը։ «Ուշագրավ է, որ բանաձևին դեմ են քվեարկել համաշխարհային քաղաքականության առաջատար խաղացողները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրները, որոնք նաև ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մշտական անդամներն են, ինչպես նաև Հնդկաստանը, որը հավակնում է դառնալ Անվտանգության Խորհրդի մշտական անդամ»,- նշեց Օհանջանյանը։

Համակարգողը ակնհայտ է համարում, որ Ադրբեջանի այս նախաձեռնությունը շատ փորձագետների կողմից որակավորվում է որպես սադրիչ և ապակայունացնող՝ ավելացնելով, որ գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համար պատասխանատու համաշխարհային առաջնորդները չէին ցանկանա, որպեսզի Հարավային Կովկասում վիճակը ապակայունանար։

Օհանջանյանի խոսքով, գաղտնիք չէ նաև այն փաստը, որ ժամանակակից ԼՂՀ-ն իր կողմից վերահսկելի տարածքների հետ մեկտեղ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի անվտանգության կայացած համակարգի մասն է։

«Իսրայելա-լիբանանյան պատերազմի հետ կապված անվտանգության գլոբալ համակարգի վերջին խախտումները հիշելով, որոնց հետևանքները մինչ օրս բավականին զգալի են ողջ աշխարհում՝ ոչ մի լուրջ քաղաքական գործիչ թույլ չի տա, որպեսզի Հարավային Կովկասում ձևավորված անվտանգության համակարգը խախտվի, իսկ այստեղ Լեռնային Ղարաբաղը կարևոր դեր է խաղում՝ չնայած, որ այն չի ճանաչվել համաշխարհային հանրության  կողմից»,- ասաց Օհանջանյանը։

Նա ավելացրեց, որ Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը ի հայտ բերեց միանգամայն ակնհայտ ճշմարտությունը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական դիվանագիտության թուլությունը և ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի «Հայաստան-Ադրբեջան» ձևաչափի փոխարինման անհրաժեշտությունը  «Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ» ձևաչափով, քանի որ «Հայաստանն իրավունք չունի կատարել միջազգային միջկառավարական ինստիտուտների որևէ որոշում, որը վերաբերում է ԼՂՀ-ին՝ առանց Ղարաբաղի ժողովրդի կամքի»։--0—