Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր

09.02.2026, 21:23
Շնամարտի արդյունքում շները ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ  
Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր։

Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, փետրվարի 5-ին Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել:

Պարզվել է, որ 2025 թ. ամռանը Պրիվոլնոյե գյուղի բնակիչ՝ 17-ամյա և Մեդովկա գյուղի բնակիչ՝ 18-ամյա երկու երիտասարդ Պրիվոլնոյեի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել, ինչի արդյունքում շները ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։  

Շնամարտի մյուս դեպքը 2025 թ. ձմռանը Մեդովկա համայնքի հարակից դաշտում կազմակերպել էին նույն գյուղի բնակիչ՝ 42-ամյա և Տաշիր քաղաքի բնակիչ՝ 53-ամյա երկու տղամարդ, իսկ Մեդովկա գյուղի 18-ամյա բնակիչը այն նկարահանել և տեղադրել էր սոցիալական հարթակի իր էջում։

Այս դեպքում ևս շները տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: