Ավելի քան 2 մլն դրամի յուրացում. ապօրինություններ Դիլիջանի դպրոցներից մեկում (ՎԻԴԵՈ)

20.02.2020, 20:40
Ավելի քան 2 մլն դրամի յուրացում. ապօրինություններ Դիլիջանի դպրոցներից մեկում. ՎԻԴԵՈ
Ավելի քան 2 մլն դրամի յուրացում. ապօրինություններ Դիլիջանի դպրոցներից մեկում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դիլիջանի թիվ երկու հիմնական դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, պարզվել է, որ դպրոցի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2009-ից 2013 թվականների ընթացքում երեք անձի դպրոցի հնոցապան են ձևակերպել։

«Նրանք աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Բացի այդ, Դիլիջանի երկու բնակչուհու ձևակերպել են դպրոցի պահակ, ապա տրամադրել նախածննդյան ու հետծննդյան արձակուրդներ։ Այդ ընթացքում նրանց պարտականությունները կատարել է մեկ ուրիշը։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 2 միլիոն 287 հազար դրամից ավելի գումար»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Դիլիջանի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ -0-