ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը հայտնաբերվել է Գյումրիում (ՎԻԴԵՈ)

10.11.2025, 19:25
Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը․ ՎԻԴԵՈ
ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը հայտնաբերվել է Գյումրիում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Միացյալ Նահանգներում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը թաքնվում է Հայաստանում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին` Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով:

Այս տարվա օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում:

Հայաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները, ակտիվ համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ, ձեռնամուխ եղան հետախուզվողին հայտնաբերելու գործին: Պարզվեց հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը, և որոնողական աշխատանքներին ներգրավվեցին նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:

Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվեց և ձերբակալվեց:

Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել են Ինտերպոլը և Դատախազությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: