Գառնիի մոտ ավտովթարից վիրավորված մարզիկներից մեկը մահացել է

02.06.2023, 12:45
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր
Գառնիի մոտ ավտովթարից վիրավորված մարզիկներից մեկը մահացել է
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Ինչպես հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից, երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:

Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր:

Վթարը տեղի էր ունեցել մայիսի 27–ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում։ Միմյանց էին բախվել Գառնի գյուղի 42-ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։

«Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։–0–