Երկու անձ է բերման ենթարկվել Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը հայտնաբերել է երկու անձի, ովքեր կասկածվում են ժամեր առաջ Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով։
Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամաբ սպանելու կասկածանքով։ Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշված է Ահարոնյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ոստիկանության ծառայողներ Տիգրան Առաքելյանը և Ա. Հակոբյանը հոկտեմբերի 16-ին ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը): Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:–0–