Դաժան սպանություն՝ Արարատի մարզում․ օրեր առաջ նշանված 32–ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են բազմաթիվ կտրած–ծակած վերքեր, պարանոցի վնասվածք

30.08.2024, 11:25
Դաժան սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում
Դաժան սպանություն՝ Արարատի մարզում․ օրեր առաջ նշանված 32–ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են բազմաթիվ կտրած–ծակած վերքեր, պարանոցի վնասվածք

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ օգստոսի 30-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարադու դի:  

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մ․ Հ․–ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով: 

Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել են «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տղամարդը տեղափոխվել է Այգավան գյուղի Մակուի փողոցի տներից մեկի մոտից, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր։ Մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է դանակ, որը, ըստ կասկածների, հնարավոր է հանցագործության գործիքը լինի:  

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործուղություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, սպանություն կատարածի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:  

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ սպանված տղամարդը հարգված և սիրված էր բնակիչների կողմից։ Օրեր առաջ նշանվել էր։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։