36-ամյա անձն ապօրինի ձեռք է բերել և իրացրել թմրանյութ. առգրավվել է 1,5 կգ մարիխուանա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

06.10.2026, 11:29
Թմրանյութ է հայտնաբերվել նաև 36-ամյա անձի հորեղբոր և ընկերոջ տանը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
36-ամյա անձն ապօրինի ձեռք է բերել և իրացրել թմրանյութ. առգրավվել է 1,5 կգ մարիխուանա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների օպերատիվ հավաստի տեղեկությունների հիման վրա իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության առանձնապես խոշոր չափերի դեպք։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, ստացված տվյալներով՝ Գյումրու Ղանդիլյան փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդն զբաղվել է թմրանյութերի ապօրինի ձեռքբերմամբ, պահմամբ և իրացմամբ։

Հետագա օպերատիվ միջոցառումների ընթացքում իրավապահները տեղեկություն են ստացել, որ նրա հորեղբայրն ու ընկերը ևս՝ համապատասխանաբար Վահրամաբերդ գյուղի շինություններում և Ղանդիլյան փողոցի տանը, պահում են խոշոր քանակությամբ թմրանյութ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 28-ին իրականացվել են համատեղ քննչական և վարույթային գործողություններ․

Վահրամաբերդ գյուղի 57-ամյա հորեղբոր տանը և շինություններում կատարված զննությամբ հայտնաբերվել է ավելի քան 50 գրամ մարիխուանա, թմրանյութ պատրաստելու պարագաներ և կանեփի 17 բույս։

48-ամյա ընկերոջ տանը հայտնաբերվել է ընդհանուր 93 գրամ մարիխուանայով փաթեթներ և պլաստիկ տարաներում լցված 200 գրամից ավելի մարիխուանա։

Գյումրիի 36-ամյա բնակչի տան և շենքի հետնամասում գտնվող տնակի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթով սրվակ, մարիխուանայով ապակե տարաներ, կաթուցիչներ, կանեփի սերմեր, ինչպես նաև սպիտակ փոշենման ու բյուրեղանման զանգվածներ։ Միայն Գյումրիի բնակչի մոտ հայտնաբերված մարիխուանայի ընդհանուր քաշը գերազանցել է 900 գրամը։

36-ամյա տղամարդն ու նրա հորեղբայրը ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքներն ու հնարավոր այլ հանցակիցների շրջանակը։

наркотики