Կայծակը լուրջ վնասներ է հասցրել Լոռի մարզի Օձուն գյուղում
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան կայծակը լուրջ վնասներ է հասցրել Լոռի մարզի Օձուն գյուղում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 15-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի թիվ 2 դպրոցի մոտակայքում գտնվող տան գազատար խողովակը կայծակից վնասվել է, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ վնասվել են գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 110 քմ), պատուհանները, գազի հաշվիչը, հեռուստացույցը, համակարգիչը, սառնարանը, լվացքի մեքենան և մոտակա տան գազի հաշվիչը, հեռուստացույցը, արբանյակային ալեհավաքը։ Տուժածներ չկան», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ստացված տեղեկությունը փոխանցվել է գյուղապետին, պատճառված վնասի չափը ճշտելու համար կստեղծվի հանձնաժողով:–0–

