Իրանը միայն մեկ տարուց կարող է չորս միջուկային լիցք պատրաստել. Իսրայելի հետախուզություն
Միջուկային լիցքերի պատրաստման համար Իրանից չորս տարի կպահանջվի, եթե Իրանի ղեկավար Ալի Խամենեին ուրանի հարստացումը սկսելու մասին որոշում ընդունի՝ միջուկային զենք պատրաստելու համար, հինգշաբթի հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Ավիվ Կոխավին:
Ելույթ ունենալով Իսրայելում կայացած Հերցլիայի ամենամյա միջազգային համաժողովի ժամանակ՝ Կոխավին նշել է, որ իսրայելական հետախուզությունը տեղեկություն ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակմանն ուղղված աշխատանքները:
«Իրանը պնդում է, թե միջուկային ծրագիր է մշակում խաղաղ նպատակներով, սակայն դա այդպես չէ», - հայտարարել է Ավիվ Կոխավին: Նա նաև նշել է, որ Թեհրանն արդեն ունի 20-տոկոսանոց հարստացված ուրանի ավելի քան չորս տոննա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հատկապես նշել է, որ Իրանի դեմ ուղղված միջազգային պատժամիջոցներն ի վիճակի են էականորեն նվազեցնել զանգվածային ոչնչացման զենքի մշակման սպառնալիքը:
ԱՄՆ-ն և մի շարք արևմտյան երկրներ կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է մշակում խաղաղ ատոմի ծրագրի քողարկման ներքո: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է ՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:-0-