ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովն աջակցում է Ղարաբաղին հումանիտար օգնություն հատկացնելուն

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովն աջակցում է Ղարաբաղին հումանիտար օգնություն հատկացնելու հարցին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Armenian Assembly of America):
Հաղորդագրության համաձայն` անցած շաբաթ ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2012թ. բյուջեն, որի մեջ ընդգրկված է նաև Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու ծրագիրը:
Ընդհանուր առմամբ արտաքին հատկացումները կազմում են 626,7 միլիոն դոլար Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար: Մասնավորապես Սենատը խորհուրդ է տալիս Հայաստանին հատկացնել 40 միլիոն դոլար գումարի չափով տնտեսական աջակցություն:
Սենատի օրինագծում նաև ասվում է, որ Հարավային Կովկասի համար հատկացված միջոցները կարող են օգտագործվել հակամարտությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակներով վստահություն ամրապնդելու և այլ գործունեության համար՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում:
«Կոմիտեն հումանիտար օգնություն է ցուցաբերում ղարաբաղյան պատերազմում տուժածներին և հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում»,- նշեցին Ամերիկայի հայկական համագումարից:
1972թ.-ին Վաշինգտոնում հիմնադրված Ամերիկայի Հայկական համագումարն ԱՄՆ-ի խոշոր համազգային կազմակերպություն է: Համագումարի հիմնական նպատակը հայկական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկմանն աջակցելն է: -0-