Նախորդ շաբաթ օրը մահացած բրիտանացի 27-ամյա երգչուհի Էմի Ուայնհաուսի հուղարկավորության արարողությունը կանցկացվի երեքշաբթի, անցկացման տեղն ու ժամանակն ընտանիքի ցանկությամբ անհայտ կմնան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ Փրես գործակալությանը։
Ընտանիքի ներկայացուցիչը հստակ հասկացրել է, որ հուղարկավորությունը կանցկացվի «ընտանիքի և մտերիմ ընկերների շրջանակում»։
Ուայնհաուսի մարմինը փոխանցվել է նրա ծնողներին երկուշաբթի օրը մահվան պատճառների բացահայտման նպատակով անցկացված հերձումից հետո։ Քանի որ երգչուհու մահվան պատճառը միանշանակ չի բացահայտվել, մասնագետները լրացուցիչ թունաբանական փորձաքննություններ պետք է անցկացնեն, ինչը կարող է երկուսից չորս շաբաթ տևել։
Ավելի վաղ ոստիկանները դատարանում վկայել են, որ շաբաթ օրվա կեսօրին Ուայնհաուսի տանը «քրեական ակտիվության» որևէ հատկանիշներ չեն արձանագրվել, որոնք թույլ կտային նրա մահը կասկածելի համարել։
Ուայնհաուսը մահացած է հայտնաբերվել հուլիսի 23-ին՝ Լոնդոնի հյուսիսում Քեդմեն-սքվեր փողոցում գտնվող իր տանը։ Դեպքի վայր է մեկնել «շտապօգնության» երկու մեքենա, սակայն օգնել արդեն չի հաջողվել։ Ոստիկանությունը սկզբում երգչուհու մահը որակել է որպես «անբացատրելի»։
Չնայած աղմկահարույց կյանքին, ալկոհոլի ու թմրանյութերի հանդեպ ունեցած հակվածությանը, առողջության ու օրենքի հետ ունեցած խնդիրներին, Էմի Ուանհաուսը բրիտանական ամենահաջողակ փոփ-աստղերից էր: Նա հինգ «Գրեմմի» է ստացել, որոնց թվում՝ մրցանակ տարվա լավագույն երգի, դեբյուտի և լավագույն փոփ-ալբոմի համար, իսկ 2007–ին բրիտանական երաժշտական գլխավոր մրցանակի՝ BRIT Awards –ի է արժանացել որպես տարվա երգչուհի:--0-