ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս օտարերկրացիներին ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել առանց ունեցած քաղաքացիությունից հրաժարվելու դիմումի, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Հիմա ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս օտարերկրացիները պետք է հաստատեն, որ իրենց երկրում դիմել են լիազոր մարմիններ և ներկայացրել դիմում ունեցած քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Օրենքով, այս պահանջը բացառվում է։
Բացի այդ, դյուրացված կարգով ՌԴ քաղաքացիության դիմողների համար առաջարկվում է հանել ՌԴ տարածքում 3 տարի բնակվելու և ապրելու, անհրաժեշտ միջոցների օրինական աղբյուրի առկայությունը հաստատելու պահանջն առանց քաղաքացիության չափահասների համար, եթե նրանք ունեցել են ԽՍՀՄ քաղաքացիություն, բնակվել կամ բնակվում են ԽՍՀՄ կազմում ներառված երկրներում` առանց այնտեղ քաղաքացիություն ստանալու։
Այս պահանջները ևս հանվում են այն օտարերկրացիների համար, ովքեր ամուսնացած են ՌԴ քաղաքացիների հետ` Ռուսաստանում բնակվելու պայմանով և ունեն ընդհանուր երեխաներ, ինչպես նաև այն օտարերկրացիների համար, որոնց ծնողներից գոնե մեկը ՌԴ քաղաքացի է և բնակվում է Ռուսաստանում։
Քաղաքացիություն ստանալու դյուրացված կարգն այսուհետ տարածվելու է Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի բնակիչների վրա կացության իրավունքի առկայության դեպքում։
Երեք տարուց մեկ տարի է դարձել աշխատանքային գործունեության տևողության պահանջը դյուրացված կարգով ՌԴ քաղաքացիության համար դիմելու դեպքում այն օտարերկրացիների և առանց քաղաքացիության անձանց համար, ովքեր բնակվում են Ռուսաստանում և 2002թ.–ի հուլիսի 1–ից հետո ստացել են կրթություն` Ռուսաստանի պետական հավաստագիր ունեցող կրթական կամ գիտական կազմակերպությունների հիմնական ծրագրերով։
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 90 օր հետո։–0–