Կիմ Չեն Ընը 20 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը 20 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ` այցելելով Սունչխոն քաղաքում գտնվող պարարտանյութերի գործարանի բացման արարողությանը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, այս մասին շաբաթ օրը տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
«Հարգելի բարձրագույն ղեկավար, ընկեր Կիմ Չեն Ընն անձամբ է կտրել շինանարության ավարտը խորհրդանշող ժապավենն ու մասնակցել է արարողությանը»,– նշել են գործակալությունից։
Աղբյուրի տվյալներով, ԿԺԴՀ–ի առաջնորդի մասնակցությամբ գործարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել մայիսի 1–ին, այն նվիրված էր աշխատավորների միջազգային տոնին, որն ավանդաբար մեծ շուքով է նշվում ԿԺԴՀ–ում։
Նոր լուսանկարներ
Գործակալությունը նաև հրապարակել է ԿԺԴՀ առաջնորդի նոր լուսանկարը։ Գործակալության տեղեկացմամբ, Կիմ Չեն Ընին ուղեկցել են ԿԺԴՀ Պետխորհրդի փոխնախագահ Պակ Բոն Դյուն, նախարարների կաբինետի վարչապետ Կիմ Չժե Ռյոնը, ինչպես նաև Կորեայի աշխատավոր կուսակցության կենտկոմի բաժնի ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Յո Չժոն, ով ԿԺԴՀ առաջնորդի կրտսեր քույրն է։
Լուսանկարներում ԿԺԴՀ առաջնորդը շատ առողջ տեսք ունի, չի երևում հիվանդության որևէ հետք, որը վերջերս նրան էին վերագրում մի շարք արտասահմանյան ԶԼՄ–ներ` տարածելով անհիմն խոսակցություններ։
Գործակալության լուսանկարիչը նաև լուսանկարել է Կիմ Չեն Ընին` նախագահության աթոռին նստած, ցնծացող աշխատավորների և գործարանի շինարարների ֆոնին։ Լուսանկարներից մեկում Կիմ Չեն Ընը ժպտում է և ծափահարում «Սունչխոնի պարարտանյութերի արտադրության գործարանի շինարարության ավարտի արարողություն, 2020թ.–ի մայիսի 1» պաստառի ֆոնին։ Որոշ լուսանկարներում երևում է, թե ինչպես է ԿԺԴՀ առաջնորդը շրջում նոր գործարանի տարածքում և ծանոթանում արտադրական կորպուսներին։
Կիմ Չեն Ընը նաև շրջել է նոր գործարանի մի քանի ցեխերում, որտեղ նրան պատմել են ֆոսֆորի և պարարտանյութերի արտադրության գործընթացի մասին։
Ինչպես հաղորդել է գործակալությունը, ԿԺԴՀ առաջնորդը նշել է, որ գործարանի գործարկումը «կարևոր պահ է երկրի քիմիական արդյունաբերությունն ավելի բարձր մակարդակի հանելու հարցում»։
Տևական բացակայություն
ԿԺԴՀ առաջնորդը չէր երևացել հանրության առաջ ապրիլի 11–ից` Կորեայի աշխատավոր կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի` ներքին քաղաքականության հարցերի նիստի անցկացումից հետո։ Մասնավորապես, Կիմ Չեն Ընը չէր մասնակցել ապրիլի 12–ին նշվող Գերագույն ժողովրդական ժողովի ամենամյա նստաշրջանին, ինչպես նաև իր կառավարման տարիների ընթացքում առաջին անգամ չէր մասնակցել Կիմ Իր Սենի ծննդյան 108–րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որը տեղի էր ունեցել ապրիլի 15–ին։ Ազգային գլխավոր տոնի ժամանակ Կիմ Չեն Ընի բացակայությունը ստիպել էր մտածել, որ ԿԺԴՀ առաջնորդը, հնարավոր է, հիվանդ է։–0–